Եթե ազգը նպատակ չունի, որին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել իր կարողություններն ու լուծել առաջացած խնդիրները, այն սկսում է մեռնել;
Որևէ համազգային, համապետական խնդրի առաջ կանգնելիս, մենք անմիջապես զգում ենք հասարակության ուժերը մոբիլիզացնելու անհրաժեշտություն: Դա սովորաբար մեզ չի հաջողվում, որովհետև մենք շարունակաբար տեղի ենք տվել արտաքին ազդեցություններին և կազմալուծել հասարակության համախմբվածությունն ու ամրությունն ապահովող բոլոր իրական հիմքերը՝ հոգևոր, գաղափարական, սոցիալական, մշակութային, տնտեսական և այլն: Այժմ, երբ մենք անհրաժեշտություն ունենք համախմբման, անխուսափելիորեն պետք է վերականգնենք այդ հիմքերը, և դրանց համար ձեռնարկելիք քայլերն իրենց բնույթով չեն կարող ներդաշնակվել այդ կործանարար միջավայրը ձևավորած սկզբունքների հետ: Մենք ստիպված ենք լինելու հակադրվել դրանց՝ անհրաժեշտ ծավալով և հետևողականությամբ:
Այն պահից, երբ մենք տարվել ենք այլախոհությամբ ու հրապուրվել ուրիշների բարքով և հրաժարվել ենք մեր ազգային կենսակերպից, մեր ինքնուրույն մտածողությունից, այդ օրվանից որպես ազգ մենք սկսել ենք մեռնել: Այդ օրվանից սկսվում են մեր կորուստները: Երբեմն-երբեմն մեզ հաջողվել է արթնանալ, սթափվել, ինչ որ էտապային խնդիրներ լուծել և նորից ընկել ենք քնի մեջ:
Այդ մասին հավանաբար առաջին հիշատակությունը կա մեր ազգային էպոսում:
Այդ դիմակայությունը հազարամյակներ է տևել, տեղի տալու առանձին էպիզոդներից վերածվելով տևական նահանջների, երբ մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի առանձին հատվածներ, մեր ստեղծած գիրը, գիտելիքը, մշակույթը..., պետականությունը:
Մեր ժամանակակից ազգագրագետների, պատմաբանների, մշակութաբանների, լեզվաբանների լուրջ աշխատանքներն արդեն փոքր-փոքր հետ են քաշում մեր ժառանգության վրա կախված վարագույրը: Այդ փոքրիկ առկայծումները թույլ են տալիս պատկերացնել, թե որքան տևական և խորն է մեր անհիշությունը:
Մինչև հիմա մեզնից կարողանում են խլել և գողանալ:
Այդ ամենի պատճառը մեր պարտությունն է գաղափարական ճակատում: Մենք կորցրել ենք մեր ազգային նպատակները, մոռացության ենք մատնել մեր գիտակցված նիստ ու կացը:
Մենք նորից հայտնվել ենք Դավթի վիճակում՝ Մսրա Մելիքի հորում, երկաթե շղթաների մեջ, քառսուն ջաղացքարի տակ:
Էպոսը վկայում է, որ մենք առաջին անգամ չէ; որ հայտնվել ենք այդ վիճակում, և, որ ամենակարևորն է՝ հնարավոր է դուրս գալ այդ իրավիճակից հաղթանակած:
Պետք է գիտակցել, որ եթե անգամ իրավիճակը անելանելի է թվում և դրանից դուրս պրծնելն անհնար, չպետք է հուսահատվել: Եթե մեր հոգում և մտքում ունենանք Մարութա բարձր Աստվածածինը և ի վեր մեր աջ թևին՝ Խաչ Պատերազմին, մենք անպարտելի ենք: Մարութա բարձր Աստվածածինը որպես մեր հոգևոր ամբողջականության և միասնականության խորհրդանիշ, իսկ Խաչ Պատերազմին վեր մեր աջ թևին, որպես ապրելու կամքի և բոլոր մարտահրավերները հաղթահարելու կարողության ու պատրաստակամության խորհրդանիշ:
Մեզ պետք է գտնել այդ իմաստները, այլապես մենք չենք կարող դուրս գալ այս մահաբեր քնից: Պետք է լսել մեր հավաքական նախնիների կանչը, կոչը, պատգամը.
Դավիթ, ուր ես,
Հիշա, Մարութա բարձր Աստվածածին,
Հիշա զԽաչ Պատերազմին,
Ինչ վեր քո աջ թևին,
Ու թափ տուր քեզ...
Քանի որ մենք ձևակերպված հեռահար նպատակներ չունենք, անգամ կարճաժամկետ նպատակներ չունենք, ապա համախմբման միջոցով ազգը երբեմն-երբեմն կարողացել է լուծել միայն այդ պահին համակած ճգնաժամից դուրս գալու խնդիրը:
Ազգային խնդիրները լուծելու իրավունքն ու պարտականությունը վերապահվում է էլիտային: Եթե հավատանք այդ պնդմանը, կհետևի, որ ազգային գաղափարներին առաջինը դավաճանողն էլ էլիտան է:
Բայց այդ խնդիրների լուծմանը էլիտան հասնում է ժողովրդի միջոցով: Ուրեմն պետք է մտածել, թե ինչպես ոտքի կանգնեցնել ազգը ներկայացնող հասարակ մարդուն, օրվա խնդիրների մեջ թաղված և իր կյանքն անիծող մարդուն, որին՝ պատմական և այսրոպեական պատճառներով հիմնավորելով, համարում ենք ազգային նպատակներին ծառայելու առումով անպիտան: Ոտքի կանգնեցնել բարոյապես, հոգեպես, նյութապես: Ավելին՝ ոգեղենացնել:
Ուրեմն պետք է մտածել և ձևակերպել, թե ինչ աշխարհ / երկիր, հայրենիք / կարող ենք առաջարկել նրան, որպեսզի նա հավատա և համախմբվի նպատակի / գաղափարի / շուրջ: Եվ այդ ճանապարհին իշխանափոխությունը կլինի առաջին, և ամենադյուրին գործը:
Վահրամ Բայադյան